ArmSpell  կայքի օգտատերերը սրբագրման համակարգը կիրառելիս որոնման դաշտում կարող են մուտքագրել ստուգվող տեքստը (մինչև 300 բառ) և ստուգել այդ տեքստի բառերի ուղղագրական և քերականական սխալները։ Սխալ գտնելու դեպքում համակարգը սխալն ուղղելու 6-10 տարբերակ է առաջարկում՝ հիմնվելով բառի ձևային նմանության վրա, ընդ որում՝ առաջարկում է նաև տվյալ բառի թեքված տարբերակներից։

 

          Համակարգը ուղղագրական և քերականական սխալների ստուգումը կատարում է շտեմարանում առկա բառերի հետ համեմատելու միջոցով։ Եթե ստուգվող բառը բացակայում է շտեմարանից, ապա այն համակարգի կողմից համարվում է ուղղագրական սխալ ունեցող բառ։ Սխալ ունեցող բառը գտնելուց հետո համակարգը համեմատում է այն շտեմարանում առկա բառերի հետ և գտնում ձևային առումով ամենամոտ բառերը՝ ներկայացնելով այն օգտատիրոջը՝ որպես հնարավոր ճիշտ տարբերակ։

 

            Օգտատիրոջ մուտքագրած տեքստը սրբագրելիս համակարգը որոնում և համապատասխանեցում է անում ոչ միայն նախապես շտեմարան մուտքագրված Բառույթ դաշտի հետ, այլև տիպային պիտակերի հիման վրա կազմված/ գեներացված համապատասխան ձևերի  հետ:

 

           ArmSpell հայերեն էլեկտրոնային նոր սրբագրիչի շտեմարանը լիարժեք կերպով արտացոլում է հայերենի արդի վիճակը, քանի որ ներառում է ոչ միայն հայերենի հիմնական բառաֆոնդը, թեքվող ձևերի տարբերակային ձևերը (շուրջ 200 000 գլխաբառ` դրանցից յուրաքանչյուր գոյականի համար 10 թեքված ձև, դերանվան համար՝ 12, բայի համար՝ 160, դերբայի՝ 9, ըստ անհրաժեշտության նշված են նաև զուգաձևությունները), այլև՝

  • հատկապես վերջին շրջանում ստեղծված մեծաթիվ նոր բառեր և նորաբանություններ,
  • օտարաբանություններ,
  • հատուկ անուններ,
  • հապավումներ,
  • համառոտագրություններ: