«Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգի»  նպատակն է  առավել ամբողջական և լիարժեք կերպով սրբագրել արդի արևելահայերենով գրված ցանկացած տեքստ:

 

             Հաշվի առնելով ժամանակակից հայերենի ձևայնացման առանձնահատկությունները և մշակելով դրանք նկարագրելու ուրույն համակարգ՝ ArmSpell հայերեն էլեկտրոնային նոր սրբագրիչի շտեմարանը լիարժեք կերպով արտացոլում է հայերենի արդի վիճակը, քանի որ ներառում է ոչ միայն հայերենի հիմնական բառաֆոնդը, թեքվող ձևերի տարբերակային ձևերը, այլև՝

  • հատկապես վերջին շրջանում ստեղծված մեծաթիվ նոր բառեր և նորաբանություններ,
  • օտարաբանություններ,
  • հատուկ անուններ՝ աշխարհագրական անուններ, անձնանուններ, ազգանուններ,
  • հապավումներ,
  • համառոտագրություններ:

 

             Կայքից օգտվողների թիվը որևէ սահմանափակում չունի: Ծառայելով հասարակության լայն շրջանակներին՝ այն կարող է օգտակար լինել.

ա. արևելահայերի համար ցանկացած տեքստի սրբագրման ժամանակ (գիտական, հրապարակախոսական,  գեղարվեստական և այլն),

բ. արևմտահայերի համար, որոնք, ուղղագրական համակարգերի տարբերություններով պայմանա­վոր­ված, ոչ միշտ են կարո­ղա­նում ինչպես ճիշտ ուղղագրությամբ արևելահայերեն տեքստեր գրել, այն­պես էլ առհասարակ լիարժեք կերպով կիրառել հայերենի քե­րա­կանական կա­նոն­ները:

գ. օտարերկրացիների համար, որոնք բավարար լեզվական գիտելիքներ չունենալու պատ­ճառով չեն կարող կառուցել իրենց գրավոր խոսքը պատշաճ մակարդա­կով:

 

ArmSpell սրբագրման համակարգի շտեմարանի հիմքում ընկած են հետևյալ բառարաններն ու բառացանկերը.

  • Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»,
  • Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան»,
  • Ս. Գալստյանի «Դպրոցական բառակազմական բառարան»,
  • «Նոր բառեր» Ա- Դ պրակներ,
  • Փ. Մեյթիխանյանի «Հայերենի ուղղագրական նոր բառարան»,
  • Ա. Հայրապետյանի «Օտար բառերի բառարան»,
  • Դ. Գյուրջինյանի, Ն. Հեքեքյանի «Հայերենում գործածվող տառային հապավումների բառարան»,
  • Կ. Առաքելյանի «Հատուկ անունների բառարան»,
  • Ա. Սուքիասյանի, Ք. Սուքիասյանի «Արդի հայերենի ուղղագրական-ձևակազմական բառարան»,
  • ՀՀ Կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկ»:

 

https://armspell.am/hy ArmSpell  կայքը և սրբագրման համակարգը կարող է կիրառել ցանկացած մարդ՝  անկախ սեռից, տարիքից, կրթական մակարդակից, բնակության վայրից: