ArmSpell հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգը
ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ ԳԿ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության» ծրագրի շրջանակում՝ «19YR-6B070» ծածկագրով «Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ» գիտահետազոտական թեմայի շրջանակում:
Ծրագրի հեղինակը և ղեկավարը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Սարգսյանն է (http://language.sci.am/hy/comparative-linguistics/meri-sargsyan.html):
Էլեկտրոնային սրբագրման համակարգերը ծրագրեր են, որոնց միջոցով կարելի է ուղղել տեքստի լեզվական սխալները: Օտարալեզու սրբագրման համակարգեր ստեղծվել են դեռևս անցյալ դարում: Սկզբնական շրջանում դրանք ուղղում էին միայն ուղղագրական սխալներ, այնուհետև ծրագրային հնարավորությունները մեծացան, և սկսեցին ուղղել նաև քերականական սխալները: Այսօր օտարալեզու սրբագրման համակարգերը զարգացման բավական բարձր մակարդակ ունեն. դրանք կարողանում են ուղղել ոչ միայն ուղղագրական և քերականական սխալները, այլև՝ ոճական և կետադրական: Ավելին՝ ոլորտում առկա են անգամ բազմալեզվյան սրբագրման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ուղղելու մի քանի լեզուներով տեքստերի սխալները: Հայտնիներից են հետևյալները՝ Grammarly, Ginger, Spell Check PlusPro, CorrectEnglish Complete և այլն: «Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ» գիտահետազոտական թեման իրականացնելիս ուսումնասիրվել են մի շարք սրբագրման համակարգեր՝ օտարալեզու և հայալեզու:
Հրատարակվել են մենագրություն և գիտական հոդվածներ՝ տեղի և արտասահմանյան ամսագրերում.
Sargsyan M. A., Some Observations on Armenian Electronic Proofreading Systems, ''World Science'', №6 (34), Vol. 8, June 2018, Warsaw, Poland, pp. 21-24, DOI:https://doi.org/10.31435/rsglobal_ws/12062018/5888
Սարգսյան Մ. Ա., Հայերեն էլեկտրոնային սրբագրման առկա համակարգերի քննություն, Բանբեր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, 1(44), Երևան, 2018, էջ 598-604:
Սարգսյան Մ. Ա., Հայալեզու տեքստերի էլեկտրոնային նոր սրբագրիչի սկզբունքները, «Լեզու և լեզվաբանություն», հ. 2 (23), 2020, Երևան, էջ 10-17:
Սարգսյան Մ. Ա., Էլեկտրոնային սրբագրիչի տվյալների շտեմարանի բառապաշարի ձևային նկարագրության խնդիրների մասին, «Բանբեր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի», 2021, հ 1 (58), էջ 229-237:
Սարգսյան Մ. Ա., Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ, Երևան, 2021, 100 էջ, http://language.sci.am/sites/default/files/book/hayeren_elektronayin_srbagrman_hamakarg.pdf; https://arar.sci.am/dlibra/publication/332545/edition/304633/content
«Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ» գիտահետազոտական թեմայի շրջանակներում ստեղծվել է սրբագրման մի համակարգ, որի միջոցով փորձ է արվում ամբողջական և լիարժեք կերպով սրբագրել արդի արևելահայերենով գրված ցանկացած տեքստ: Հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելու նպատակով սրբագրման համակարգը գործում է համացանցային առանձին կայքում՝ https://armspell.am/hy վեբ կայքի հասցեի ներքո, որը գրանցված է որոնողական բոլոր համակարգերում: Կիրառման տեսակետից այն պարզ է և արագագործ, քանի որ դրանից օգտվելու համար որևէ ծրագիր ներբեռնելու անհրաժեշտություն չկա: